Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը‘ խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
"Գրական թերթ"-ում իր հոդվածը տպագրելիս Վահագն Դավթյանը ինքն էլ գիտեր, որ իր խորհրդածությունները կարող են մտքերի փոխանակության եւ ստեղծագործական վեճերի առիթ տալ:
Ինչպես տեսնում եք, այդ առիթն իսկապես տրված է, բայց կուզեի իսկույն էլ ավելացնել, որ Վ. Դավթյանի հոդվածը ինձ առիթ է տալիս այլ մտքերի փոխանակության: Այլ կերպ ասած` ես իմ ընկերոջ հետո ոչ թե պիտի վիճեմ, այլ շարունակեմ զարգացնել իր իսկ մտքերը: Ուստի և իմ ասելիքը ոչ չի լինելու, այլ այո, բայց…: